Լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական գործերի քանակը նվազել է

Վիրավորանքի և զրպարտության համար դատարան ներկայացված հայցապահանջների քանակական վերլուծությունը ցույց է տալիս, որ լրատվամիջոցներից ամենախոցելին տպագիր մամուլն է: Այս եզրակացությանն է եկել «Իրավունքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր «Զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական գործերի» մոնիթորինգի արդյունքում: Վերոնշյալ մշտադիտարկման ժամանակահատվածն ընդգրկում է 2010 թվականի մայիսից մինչև 2012 հունվարը, այսինքն՝ այն ժամանակահատվածը, երբ սկսվում է վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվություն սահմանող նորմերի ապաքրեականացումը:
Դիտարկման համար ընդգրկվել են 44 դատական գործեր, որոնցում լրատվամիջոցները հանդես են եկել որպես պատասխանող կողմ: Չեն դիտարկվել այն դատական գործերը, որոնցում լրատվամիջոցները հանդես են եկել որպես երրորդ կողմ:
Ըստ ուսումնասիրության՝ նշված ժամանակահատվածում դատարան ներկայացված հայցապահանջներից 33-ը բերվել է տպագիր մամուլում հրապարակված տեղեկատվության համար, 12 հայցապահանջը՝ էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության համար, 5 հայցապահանջը՝ հեռուստատեսությամբ տարածված տեղեկավության համար:
Ամենաշատ հայցվող իրավական պաշտպանության միջոցը հանդիսանում է զրպարության կամ վիրավորանքի դիմաց դրամական փոխհատուցման պահանջը, որը հայցվել է 44 գործերից 38-ում, այնուհետև հերքումը, որը հայցվել է 32 գործով, դրան հաջորդում է դատական ծախսերի փոխհատուցման պահանջը՝ 25 գործերով, ապա վիրավորանքի դիմաց ներողություն խնդրելու պահանջը՝ 10 գործով, պատասխանի հնարավորություն տրամադրելը՝ 7 գործով, վճռի հրապարակման պահանջը՝ 4 գործով:
Ամենաբարձր դրամական փոխհատուցման պահանջը եղել է փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից ներկայացված 18 մլն դրամի պահանջը, իսկ ամենացածրը՝ Լոռվա մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի կողմից 1 լումայի փոխհատուցելու պահանջը:
Ժամանակագրական առումով ներկայացված հայցապահանջների քանակական ուսումնասիրությունը թույլ է տվել «Իրավունքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն իր «Զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական գործերի» մոնիթորինգի արդյունքում նշելու, որ դատական գործերի քանակը կտրուկ նվազելու միտում ունի:
Ըստ մշտադիտարկման արդյունքների՝ դատական գործերի քանակի կտրուկ նվազումը 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում համընկնում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի սահմանադրականության դատական վարույթի ընթացքի հետ: Ուսումնասիրությունը թույլ է տվել եզրահանգելու, որ Սահմանադրական դատարանի որոշումը զսպող ազդեցություն է ունեցնել զրպարտության և վիրավորանքի հիմքերվ լրատվամիջոցների դեմ ներկայացվող գործերի քանակի վրա:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել