Չեղարկել սեպտեմբերի 28-ի հրամանագիրը․ Արտակ Բեգլարյանի ուղերձը

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղերձ է հղել՝ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի օրվա կապակցությամբ․

«Այսօր Արցախի Հանրապետության անկախության ու Սահմանադրության հանրաքվեների օրն է, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ երեկ՝ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը, որն, ի դեպ, ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Հայաստանի առաջարկով: Թեև այս չորս առիթներն էլ լրջորեն խեղված են Արցախի ժողովրդի համար, բայց չորսն էլ, որպես հայեցակարգային հենասյուներ, անհրաժեշտ են մեր ապագայի կերտման գործում:

Արցախն այժմ ժամանակավորապես կորսված ու բռնազավթված է Ադրբեջանի՝ ցեղասպանական ու բռնապետական ալիևյան ռեժիմի կողմից, իսկ արցախցիներս՝ տարագիր: Արցախը վերջնականապես չկորցնելու և պատմության մեջ որպես ամբողջապես ձախողված սերունդ չմտնելու համար անհրաժեշտ է չփակել Արցախի ժողովրդի պայքարի էջը և պահպանել իրավատիրությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության պետական մարմինները, Արցախի ժողովրդի հավաքական ինքնությունը, իրավունքներն ու, հետևաբար, պայքարը:

Առաջիկա շաբաթներին ու ամիսներին շատ գործնական ու իրագործելի անելիքներ ունեն Արցախի և Հայաստանի իշխանությունները այդ նպատակի համար, որոնցից կառանձնացնեի հետևյալները՝

1. Չեղարկել սեպտեմբերի 28-ի հրամանագիրը, ինչն առավելապես քաղաքական ու տեղեկատվական նշանակություն ունի՝ ազդակ տալու աշխարհին, որ ԱՀ պետական ինստիտուտները շարունակելու են գործել որպես Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը ներկայացնող օրինական ու լեգիտիմ մարմիններ:

2. Ապահովել ԱՀ վերակազմակերպված պետական համակարգի հետևողական գործունեությունը, հատկապես՝ արտաքին քաղաքական ուղղությամբ՝ երաշխավորելով նաև որոշակի ռեսուրսներ այդ աշխատանքների համար:

3. Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններում հստակորեն հասցեագրել Արցախի ժողովրդի վերադարձի, իրավունքների ու անվտանգության միջազգային բարձր երաշխիքների հարցերը:

4. Քանի դեռ Արցախի ժողովրդի վերադարձը և անվտանգ ու արժանապատիվ կյանքն Արցախում երաշխավորված չէ, հստակ ու արագ աշխատանքներով պլանավորել Արցախի 150,000 փախստական ժողովրդի՝ Հայաստանում վերաբնակեցման ռազմավարությունը՝ հնարավորինս խթանելով նոր բնակֆոնդի կառուցումը և պահպանելով համայնքներն ու կարևոր ինստիտուտները:

5. Միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր մշակել և իրագործել Արցախի ժողովրդի զբաղվածության ապահովման և տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ՝ դրանք ներդաշնակեցնելով վերաբնակեցման ռազմավարության հետ: Այդ ընթացքում արագորեն բարելավել կարճաժամկետ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը՝ կանխելու համար արցախցիների հետագա արտագաղթը Հայաստանից:

6. Մշակված ռազմավարության ու ծրագրերի հիման վրա կազմակերպել միջազգային դոնորների համաժողով ու դրամահավաք՝ նպատակ ունենալով միջազգային հանրությունից ու Սփյուռքից ներգրավել անհրաժեշտ ռեսուրսները, որոնք կարող են հասնել մի քանի միլիարդ դոլարի: Ավելորդ է ասել, որ Հայաստանի Հանրապետության ունեցած ռեսուրսները բավարար չեն արդյունավետ կերպով ապահովել նույնիսկ հումանիտար արագ արձագանքն առաջին վեց ամսում:

7. Միջազգային իրավական ու քաղաքական գործիքակազմերով կանխել նախկին ԼՂԻՄ տարածքում Արցախի ժողովրդի գույքի, մշակութային ժառանգության ու այլ արժեքների ոչնչացումն ու յուրացումը, ինչպես նաև այդ տարածքներում ադրբեջանցիների բնակեցումը:

8. Միջազգային քրեական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այլ հնարավոր միջազգային ատյանների միջոցով հետամուտ լինել Արցախի ժողովրդի դեմ կատարված միջազգային հանցագործությունների պատասխանատուներին անհատական և ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկելու հարցում:

9. Բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառել Ադրբեջանում գտնվող մեր պատանդների ու գերիների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Իհարկե, մի շարք այլ անելիքներ էլ կարելի է նշել, որոնք ենթադրում են հետևողական ու արհեստավարժ ջանքեր թե՛ կարճ, թե՛ միջին և թե՛ երկար ժամանակահատվածներում: Սակայն, գլխավոր խնդիրը այս ռազմավարական նպատակների գիտակցության, կամքի ու կարողությունների առկայության հարցն է. դրանք լուծելուց հետո մնացած հարցերը ավելի հեշտ կերպով լուծում կստանան»- ասվում է Բեգլարյանի ուղերձում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել