Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշեց, որ Ապրիլյան պատերազմից հետո իր կողմից բնորոշում տրվեց, որ կոռուպցիան ստացել է արյան տեսք, իսկ դրանից հետո սկսվեցին հակակոռուպցիոն գործնական բարեփոխումները։
Խոսելով ազդարարման համակարգի մասին՝ նա նշեց, որ ազդարարման համակարգը լավն է, սակայն ՀՀ դատախազության կողմից գործարկվող www.azdararir.am ազդարարման միասնական հարթակի արդյունավետությունը ցածր է։ Բանախոսի խոսքով՝ պետք է փոխվեն ազդարարման համակարգի և ազդարարողների վերաբերյալ հանրային ընկալումները։ Դեռևս խորհրդային տարիներից հասարակությունում խորացած կարծրատիպերն են խանգարում ազդարարման համակարգի զարգացմանը։
«Մեր հիմնական ուղերձն է, որ ազդարարները «գործ տվողներ» չեն։ Նրանք պարկեշտ, ազնիվ, օրինապաշտ, իրենց երկիրը սիրող քաղաքացիներն են։ Այս կերպարը պետք է հանրության շրջանում ներկայացնել։ Ընկալումները պետք է փոխվեն նաև պետական պաշտոնատար անձանց մոտ։ Ազդարարները պետք է գիտակցեն իրենց առաքելության կարևորությունը։ Նրանց պետք է ջատագովել, խրախուսել՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարելու համար»,-նշեց Կարեն Զադոյանը։
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի ունեցավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Մանրամասները՝ տեսանյութում