Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորությամբ, այցելել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որտեղ իրականացվում է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն (ՊԷՏ/ՀՏ) ռադիոֆարմ պատրաստուկների կիրառմամբ:
Տեղում նման ծավալների իզոտոպի ստացման գործառույթը միակն է տարածաշրջանում, ինչը կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով Ֆ-18 ռադիոակտիվ իզոտոպի կիսատրոհման կարճ պարբերությունը: Լաբորատոր բաժնի մասնագետները ներկայացրին ռադիոֆարմ պատրաստուկի արտադրության հաջորդական պրոցեսները (իզոտոպի արտադրություն Cyclone 18 Twin արագացուցիչի միջոցով, ռադիոֆարմ պատրաստուկի ստացում Synthera V2 սարքով և որակի վերահսկման փուլ), ինչպես նաև ախտորոշիչ բաժանմունքում իրականացվող ՊԷՏ/ՀՏ հետազոտման նրբությունները: Ծավալվեց քննարկում ՀԱՊՀ-ի և Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործակցության հնարավորության շուրջ:
Գոռ Վարդանյան, ՀԱՊՀ ռեկտոր. «Շատ հաճախ գիտության որոշ ուղղություններ տեղից չեն շարժվում՝ կիրառման հարթության պրոբլեմներին չտիրապետելու և սկզբնաղբյուրներին հասանելիություն չունենալու պատճառով: Քննարկման արդյունքում հասկանում ենք՝ ինչպես դիրքավորվել թե´ կադրերի պատրաստման, թե հետազոտական աշխատանքի առումով: Ո՞ր հարցերով զբաղվելն է իրատեսական, որոնց ժամանակ հատկացնելով կձևավորենք համագործակցային միջավայր: Զարգանում են այն մասնագիտական համայնքները, որտեղ աշխատողները զբաղվում են հետազոտությամբ, ինչի ականատեսը ես եղա այստեղ: Սա նշանակում է, որ մեր միջև կարող է ձևավորվել բնական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն»:
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Արմինե Բադեյանը նշեց, որ ինչպես իրենց, այնպես էլ նմանատիպ այլ կենտրոններում առկա է նեղ մասնագետների մեծ պահանջարկ, և որ վերջիններիս բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չկա մասնագետների պատրաստման համակարգված մեկ միասնական համակարգ: Բադեյանը նաև հավելեց, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը պատրաստակամ է իր ողջ մասնագիտական ներուժով աջակցելու համապատասխան մասնագետների կրթման և գործնական հմտությունների ձևավորման գործընթացին:
Այդ առումով, ըստ Բադեյանի, Պոլիտեխնիկի և Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հաջող գործակցությունը ինքնին կարող է նոր զարգացման սկիզբ դառնալ:
Քննարկման արդյունքում նախանշվեց համագործակցության ճանապարհային քարտեզը: Որպես առաջին քայլ, կողմերը պայմանավորվեցին գործակցել միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ ինժեներների պատրաստման, համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև ուսանողների համար համապատասխան պրակտիկաների ապահովման ուղղություններով: