ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ Լոռու մարզ։ Նա մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնին հատկացված նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը։
Արգիշտի Քյարամյանն արարողության մյուս մասնակիցների հետ շրջել է հիմնովին վերանորոգված և քննիչների համար աշխատանքային նոր պայմաններով ապահովված վարչական շենքում, նրան ներկայացվել է կատարված շինարարական աշխատանքների ընթացքն ու արդյունքները։
Վերանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պետական բյուջեից հատկացված շուրջ 30 մլն. ՀՀ դրամով։ Շենքը համալրվել է քննչական գործունեության համար անհրաժեշտ նոր գույքով, նյութատեխնիկական, անվտանգության և հաղորդակցության միջոցներով։ Յուրաքանչյուր քննիչի համար, սահմանված կարգով, նախատեսվել է առանձնասենյակ՝ լիովին նոր գույքով, բաժինն ապահովվել է քննչական առանձին գործողություններ կատարելու համար անհրաժեշտ հարմարություններով և տեխնիկական միջոցներով:
Մինչև ՀՀ կառավարության կողմից հիշյալ նոր շենքի տրամադրումը, Ստեփանավանի քննչական բաժինն իր գործունեությունը ծավալել է ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման համար խիստ հարմարեցված շենքային պայմաններում:
Քննչական կոմիտեի նախագահը աշխատանքային պայմանների էական բարելավման կապակցությամբ շնորհավորել է Ստեփանավանի քննչական բաժնի քննիչներին և օժանդակող անձնակազմին։ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ թեև քննիչի բարեխղճության, ծառայողական պարտականությունների պատշաճ իրականացման համար շենքային պայմանները երկրորդային նշանակություն ունեն, սակայն համակարգում աշխատանքային միջավայրի բարելավման, ինչպես նաև սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ պետության կողմից դրսևորվող հետևողականությունը պարտավորեցնում է լինել առավել մոտիվացված և, հանուն իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության և քրեական արդարադատության իրականացման, գործել ավելի մեծ նվիրումով, ծառայողական պարտքին իբրև առաքելության մոտենալու խորքային գիտակցումով։
Այցի շրջանակներում Արգիշտի Քյարամյանը կանգառներ է կատարել նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում։ Նա շրջել է աշխատասենյակներով, զրուցել քննիչների հետ, հետաքրքրվել նրանց որպիսությամբ, աշխատանքային կարիքներով, ընթացիկ գործունեությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն առանձին աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ինչպես մարզային քննչական վարչության, այնպես էլ՝ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի անձնակազմերի հետ, որոնց ընթացքում քննարկվել են նշված ստորաբաժանումների արձանագրած տարեկան համեմատական ցուցանիշներին, քրեական վարույթներով իրականացվող քննչական, ապացուցողական գործողությունների լիարժեքությանն ու որակին, քննիչների ծանրաբեռնվածության թոթափմանը, ինչպես նաև՝ աշխատանքների ընդհանուր կազմակերպմանն առնչվող խնդիրներ։
Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քննիչի անհատական ջանքից, ծառայողական նվիրումից է կախված հանրապետությունում իրավունքի գերակայության, օրինականության, հանրային կայունության երաշխավորումը և զարգացումը, իսկ կայազորային քննչական բաժնի պարագայում՝ նաև զինված ուժերում հանցավորության նվազումը և կարգապահության ամրապնդումը, որոնք ուղիղ ազդեցություն ունեն զինծառայողների անվտանգության և ԶՈՒ մարտունակության վրա։