Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախագծի ընթացքի հետ կապված հարցեր է քննարկել բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Խուրամ Ֆարուքի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, քաղաքացիների հետ հետադարձ կապ. սրանք այն կարևոր գործընթացներն են, որոնք ընդգրկված են ծրագրում: Կլինեն առցանց հարթակներ և բջջային հավելված՝ օգտվողների համար կիրառման հարմարվետության ապահովմամբ:

Կարևորելով համատեղ նախագծի իրականացումը՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի առանցքային նպատակը բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի, թափանցիկ ու հարմարավետ դարձնելն է:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել հնարավորին կարճ ժամկետում, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, ծրագիրը տեղափոխել գործնական փուլ:

Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում բնակիչների շրջանում: Ձևավորվել է թվայնացման խորհուրդ, քննարկվել են հիմնական նպատակները՝ քաղաքացիակենտրոն միասնական հարթակ ստեղծելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել