Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի առաջարկով՝ ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։ «Այսօր դեկտեմբերի 7-ն է, լրանում է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցը, որին զոհ գնացին շուրջ 25 հազար մեր հայրենակիցներ։ Խնդրում եմ նախ մեկ րոպե լռությամբ հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցներում՝ գումար ուղղվելով զինծառայողների արտոնյալ ու երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով պետական սուբսիդավորումների ֆինանսավորմանը: Վերաբաշխման ենթակա գումարը 760 միլիոն դրամ է, այն կատարվելու է 2023 թ. ՊՆ-ի խնայողությունների հաշվին: Ինչպես նշել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, 2023-ին առաջարկվել էր պետության կողմից վարկի կանխավճարը սահմանել հաստատուն թվով՝ 2,5 միլիոն դրամ՝ նախկինում վարկի 10 տոկոսի փոխարեն: Դրա միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 237 հազար 800 դրամ: Վարկի տոկոսների սուբսիդավորումը սահմանվել էր 5 տոկոս, նախկինի՝ 3 տոկոսի փոխարեն: «Կառավարության որոշմամբ սահմանված է, որ տարեկան 500 զինծառայող կարող է օգտվել նման հնարավորությունից, բայց որպես օրինակ նշեմ, որ այս տարի հայտ ներկայացրած 1111 զինծառայողներին Կառավարության որոշմամբ այդ հնարավորությունն ընձեռել ենք»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Մենք նախկինում հետևյալ մեխանիզմն ունեինք, որ հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում աջակցություն էինք ցուցաբերում մեր զինվորականներին: Մեխանիզմն աշխատում էր հետևյալ կերպ՝ զինծառայողները դիմում էին նախարարությանը, և բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում տեղի էր ունենում վիճակահանություն, և այդ վիճակահանության շրջանակներում մարդիկ ձեռք էին բերում բնակարան, և այդ աջակցությունն սկսում էր աշխատել: Հիմա արդեն երկրորդ տարին է մենք վիճակահանության հատվածը չենք անում: Իհարկե, բյուջեով նախատեսվածից ավելի շատ մարդիկ են դիմում բնակարան ձեռք բերելու համար, և մենք նայելով բյուջետային հնարավորությունները, վերաբաշխումների հնարավորությունները՝ բոլորի հայտը բավարարում ենք»:
Անդրադառնալով կարգավորումներով առաջարկվող փոփոխություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երկու փոփոխություն ենք արել՝ նախկինում կանխավճարի մասով կապում էինք դա բնակարանի արժեքի հետ, ըստ էության՝ վարկի չափի հետ, հիմա տալիս ենք ֆիքսված գումար՝ 2.5 մլն դրամ: Եվ նախկինում մենք սուբսիդավորում էինք հիփոթեկային վարկի 3 տոկոսը, հիմա սուբսիդավորում ենք 5 տոկոսը»:
Արձագանքելով՝ Սուրեն Պապիկյանը նշել է. «Որոշումն ընդունվել է 2019 թվականին: 2020 թվականին այս ծրագրով բնակարան ձեռք է բերել 223 զինծառայող, 2021 թվականին՝ 249 զինծառայող, 2022 թվականին՝ 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել են շուրջ 1030 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023 թվականը»:
Վարչապետն ընդգծել է զինծառայողների ատեստավորման գործընթացի կարևորությունը և հավելել. «Քանի որ նաև զինծառայողների ատեստավորման գործընթաց է տեղի ունենում, և ատեստավորում անցած զինծառայողների ֆինանսական հնարավորությունները մեծանում են, մենք կանխատեսում ենք, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես կմեծանա: Ըստ էության, եթե մենք այս տեմպը կարողանանք պահել շատ շուտով կարձանագրենք, որ զինծառայողների բնակարանային ապահովվածության հարցը ոչ միայն լուծվել է, այլև մեխանիզմ է դրվել նաև հետագայի համար: Ուզում եմ հիշեցնել նաև, որ այս տարվանից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա նախորդ տարվանից ընդունված ուսանողները, կուրսանտները, ովքեր ծառայության կանցնեն Զինված ուժերում, արդեն կստանան բնակարան, այսինքն՝ ոչ թե հիփոթեկային վարկով, այլ կստանան բնակարան: Նաև այս բոլոր մեխանիզմներով մենք գործնականում մեր սպայական կազմի բնակարանային ապահովության հարցը կլուծենք»: