Ընդամենը տեխնիկական թյուրիմացություն է․ Միրզոյանը մեկնաբանել է Լավրովի ասածը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ամենայն հավանականությամբ տեխնիկական թյուրիմացություն է եղել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի  6-ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավորի հարցին։

«Ես տեսել եմ հանդիպման այդ հատվածը, որը ՌԴ ԱԳՆ–ն տարածել էր։ Ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է, ընդամենը տեխնիկական թյուրիմացություն։ Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ–ում մեր մշտական ներկայացուցչի կողմից է եղել, մինչդեռ, իմ տվյալներով դա այդպես չէ։ Ես ասում էի, որ այդ հանդիպումը մենք չենք նախաձեռնել»,– պարզաբանեց Միրզոյանը։

Խոսելով  հանդիպման օրակարգի մասին՝ Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր ոլորտներում քննարկելու շատ հարցեր ունեն՝ ներառյալ իրավիճակը տարածաշրջանում։

«Ռուսաստանի հետ մենք միշտ քննարկելու հարց ունենք։ Մենք միշտ հաճույքով օգտագործում ենք նման առիթները շփումների համար»,– ասաց ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանն արդյունավետ համարեց ռուս գործընկերոջ հետ իր հանդիպումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր Միրզոյան–Լավրով հանդիպման մեկնարկի տեսագրությունը։ Տեսագրությունում  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արարատ  Միրզոյանին հարցնում , թե  արդյոք Վիեննայում Հայաստանի դեսպանն ինքնուրույն է աշխատում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել