ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Պարույր Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Հայաստանի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Եվրոպական խորհրդարանի խոսուն աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային կարևորություն ունեցող հարցերում:
«ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակը տպավորիչ է՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը, ներկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարները, ինչպես նաև բարձր է գնահատել Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված ԵՄ քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ պատվիրակության անդամները իրենց հերթին մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին ներկայիս մարտահրավերների հաղթահարման հարցում:
Նշվում է, որ զրուցակիցների խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և տարածաշրջանային այլ հարցեր: