Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակոցից միջանցիկ գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գերասիմ Առաքելյանը:

Նույն օրը բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Նկատի ունենալով, որ առկա են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով ՀՀ ԶՈՒ զինծառայողին ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել