Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը: Ըստ որի՝ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փաստաբանը դիմել է ԱՄՆ դատարան: ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ դատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: Սա վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին Հանձնաժողովի կողմից:
Արդյունքում, մոտ $2,176,587 ԱՄՆ դոլար կրկին կբաշխվի մոտ 100 դիմումատուի միջև, որոնց վճարված հատուցումների հաշվարկման ժամանակ նախկինում անճշտություններ են բացահայտվել:
Փաստաբան Վարդգես Եղիայանը փոխանցեց նաև, որ այս գործով չեն վերանայվելու Հանձնաժողովի կողմից մերժված դիմումները: