Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը, որի աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա սեպտեմբերից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի» կողմից։

Ինչպես տեղեկացնում են  Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 548 միլիոն 500 հազար դրամ։ Ծրագրի շահառու են հանդիսանում Ներքին Գետաշեն գյուղի մոտ 1000 տնտեսություն՝ մի քանի հազար շնչով։ Ընդ որում, ծրագրի հաշվին ոչ միայն խմելու ջուրն անցկացվում  է բնակարաններ, այլ նաեւ տեղադրվում  են հաշվիչներ։

2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն 32 կիլոմետր ջրատարի ներքին ցանցից կառուցվել է շուրջ 28 կիլոմետրը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2024 թվականի օգոստոս ամիսը, ուստի կան բոլոր նախադրյալները՝ նույնիսկ ավելի վաղ նորակառույց ջրատար ցանցը շահագործման հանձնելու համար։

«Այս կերպ լուծվում է այդ տնտեսություններին մաքուր եւ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու խնդիրը, ցանցում նվազագույնի  կհասցվեն կորուստները։ Շինարարական աշխատանքներն ընթացել  են գյուղի թաղամասերի մեծ մասում՝ մոտ 80 տոկոսի չափով։ Ջրամատակարարման նորակառույց համակարգը սպասարկվելու է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից», -ներկայացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել