Նախագիծ. կամավոր ատեստավորում կանցնեն նաև ՏՄԱԿ-ի մանկավարժական աշխատողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման  է ներկայացրել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով հավելավճարի տրամադրման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը: 

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։

Համընդհանուր ներառական կրթությունն ուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։ Երեխաների նեղ մասնագիտական աջակցությունը ցուցաբերվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում: Նախագծով առաջարկվում է կամավոր ատեստավորման գործընթաց սահմանել նաև նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագետների համար՝ բարձրացնելով նրանց մասնագիտության գրավչությունը, ստեղծելով մասնագիտական զարգացման և աշխատանքի նախընտրելիության համար նպաստավոր պայմաններ: Այդ ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ նեղ մասնագիտական ծառայություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:

Համաձայն նախագծի՝ ատեստավորումը կանցկացվի յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ:

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների գիտելիքների իմացության գնահատման արդյունքում, ըստ տվյալ մասնագետի պատրաստվածության, կտրամադրվի հավելավճար: Հաշվի առնելով, որ կամավոր ատեստավորումը մասնագետի առարկայական իմացության աստիճանն  է արձանագրում, հետևաբար, կենտրոնի փոփոխության դեպքում հավելավճարի տրամադրումը  կպահպանվի։ 

Կարևոր նախաձեռնություն է նաև կամավոր ատեստավորման գործընթացում մասնագետի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս՝ հինգ տարի ժամկետով հավելավճարի տրամադրումը: 

Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրամադրվի հետևյալ տրամաբանությամբ`

1) ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ հավելավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. 

2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ հավելավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. 

3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ հավելավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

Հավելավճարները ներառում են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել