Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել` աղբ լցնելով այդ հատվածում։ Այս մասին X–ի միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության «Caucasus Heritage Watch» միջազգային կազմակերպությունը:
«Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի հայկական մեկ այլ գերեզմանատուն: Ըստ երևույթին՝ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,- ասված է հաղորդագրությունում։