«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել․ դրանք դեկտեմբերի 1-ից կսկսեն գործել

Ազգային ժողովը շուրջ մեկ ամիս առաջ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը, որով թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի Նախարարների Եվրոպական Կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումների) իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների որակի խարտիայով նախատեսված գործարար համբավի, ֆինանսական վիճակի և փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ փաթեթն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 1-ին։

Միջպետական փոխադրողը պետք է նշանակի փոխադրումների կազմակերպման և անվտանգության գծով պատասխանատու անձ (այսուհետ՝ փոխադրումների մենեջեր), որը կարող է լինել նաև կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը:

Փոխադրումների մենեջերը պետք է ունենա մասնագիտական որակավորումը հաստատող վկայական, բացառությամբ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններում անընդմեջ 10 տարվա կառավարման ստաժ ունեցող անձանց: Մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպության կողմից որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության և կազմակերպության ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը՝ առաջացնելու է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ-ի) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումների) կատարող կազմակերպությունների կողմից Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները խախտելը՝ առաջացնելու է տուգանքի նշանակում` 50 հազրա դրամի չափով։

Փոխադրումների գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը՝ առաջացնելու է տուգանքի նշանակում` կազմակերպության նկատմամբ՝ 100 հազար դրամի չափով չափով, իսկ փոխադրումների մենեջերի նկատմամբ՝ 50 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել