Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում նոյեմբերի 27-ին․ դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի որոշումները

Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները և վերականգնել նախկինում դադարեցված լիազորությունները։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում նոյեմբերի 27-ին։

Փոփոխությունների նպատակն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող Բարձրագույն դատական խորհրդի նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով:

Ազգային ժողովում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է, որ բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը և մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ կամ վերացնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը և դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության և որոշումը թողնել անփոփոխ:

Փոփոխությունների ընդունումը բխում է ԳՐԵԿՈ-ի 2015 թվականի գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 թվականի միջանկյալ զեկույցով վերահաստատած հանձնարարականից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դեռևս հնարավոր չէ բողոքարկել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները և եզրակացրել է, որ այս մասով իր հանձնարարականը մնում է չկատարված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել