Անհասկանալի է՝ այսօրվա կառավարիչներն ինչն են համարում երկրի համար գլխավորը և ընդհանրապես՝ ինչ քաղաքականություն են վարում և ինչպես։ Պետք է գլխավորը կարևորից տարբերակել, նշել առաջնահերթություններն ու շարժվել այդ ուղղությամբ, դա վերաբերում է ինչպես պետություններին, այնպես էլ առանձին անհատներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես կարող եմ ասել՝ մեր ժամանակ գլխավորը երկրի համար անվտանգությունն ապահովելն էր։ Ես չեմ կարող ասել՝ որն է գլխավորը նրանց համար, որովհետև անընդհատ փոխում են։ Եկել, ասում են՝ «ժողովրդավարություն, ժողովրդավարություն, ժողովրդավարություն»։ Եթե գլխավորը ժողովրդավարությունն է, ապա արդյունքները մենք տեսնում ենք»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը շատ պարագներում խանգարում է երկրի անվտանգությանը և ինքը չի վախենում խոսել դրա մասին։
«Դա չի նշանակում, որ ժողովրդավար երկիրը ավելի քիչ անվտանգ է, քան ոչ ժողովրդավարական երկրները։ Դա նշանակում է, որ մեր երկիրը, այսպես ասեմ, փորձում է ժողովրդավարության այն ճանապարհը, որը կարելի է անցնել մեկ ժամում, անցնել 5 րոպեում, դրա համար գլորվում է, դրա համար պրոբլեմներ են առաջանում»,- հավելել է ՀՀ երրորդ նախագահը։