Գրքի մեջ պահած դոլարները դարձել էին հուշանվեր. ոստիկանություն

Նոյեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ Էջմիածնի Արագածի զանգվածի իր բնակարանից գողություն է կատարվել: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ 84-ամյա տուժած տանտիրուհու` գողությունը պետք է կատարված լիներ վերջին երկու օրվա ընթացքում: Տանտիրուհին ցույց տվեց գիրքը, որի մեջ դրված էր 5000 դոլարը, իսկական դոլարները, որոնք փոխարինվել էին նույն արժեքի հուշանվեր-թղթադրամներով:

Տանտիրուհուց ընդունվեց հաղորդում: Իրավապահները, սակայն, արտաքին զննությամբ գողության հետք չգտան: Իսկ հանգամանքները հուշում էին, որ հափշտակությունը ծանոթ մարդու գործ է:

Վարկածը ստուգելու համար իրավապահները կրկին զրուցեցին տանտիրուհու հետ ու պարզեցին, թե այդ ընթացքում ով է նրան հյուր եկել:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ հափշտակությունը կատարել է էջմիածինցի 42-ամյա մի կին, որը տուժածի ազգականն է: Նույն օրը նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց գողոնի մի մասը՝ 200 դոլար: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ գողոնի մյուս մասը՝ 4800 դոլարը, իր տանն է, պատրաստ է ներկայացնելու:

42-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել