«Զանգ» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
««Արժանապատվության շարժում» նախաձեռնությունը հիմնադրած քաղաքացիները մեկամսյա շտաբային աշխատանքներից հետո վերադառնում են փողոց՝ անթույլատրելի համարելով ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների և իրավունքների նկատմամբ վերաբերմունքը և Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը և համոզված լինելով, որ Հայաստանում կառավարող ուժի ներկայիս վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի խնդիրների։
Մենք համոզված ենք, որ այդ խնդիրների լուծման ճանապարհը որոշելը մեր՝ քաղաքացիներիս բացառիկ իրավունքն ու պատասխանատվությունն է։
«Արժանապատվության շարժումը» վերանվանվել է «Զանգ» և «Զանգ» շարժումը մեկնարկում է այս շաբաթ օրը, ժամը 16:00-ին՝ Մաշտոցի պուրակից։
Քննարկումների արդյունքում մենք ձևավորել ենք գործելու սկզբունքներ և ճանապարհային քարտեզ, որով նպատակադրված ենք հանրային համաձայնության արդյունքում ստեղծել իրապես ինքնիշխան պետություն՝ միջազգային իրավունքի սուբյեկտին հատուկ որոշումներ կայացնելու շրջանակներով և քաղաքացիների կողմից միմյանց ֆիզիկական անվտանգության, իրավունքների և մշակութային ինքնության պաշտպանության ու զարգացման գործում հասնել հանրային համերաշխության՝ պետության երաշխավորության ներքո։
Այդ նպատակներին հասնելու համար մենք պետք է հեռացնենք ներկայիս կառավարող ուժին՝ այն փոխարինելով շարժման նպատակներին հավատարիմ, գործունակ ժամանակավոր կառավարիչներով։ Այս առնչությամբ մեր գործունեության սկզբունքներին և ճանապարհային քարտեզին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հրապարակված Մանիֆեստում:
Մենք գիտենք, որ ինչպես հանրությանը, այնպես էլ լրատվամիջոցներին այս Շարժման վերաբերյալ բազմաթիվ հարցեր կարող են հետաքրքրել, այդ թվում և
– թե ինչու է Շարժումը կոչ անում միանալ վրանի տեղադրման ակցիային,
– թե ինչ գաղափար ունի վրանը,
– թե ով է լինելու Շարժման առաջնորդը,
– թե Շարժումը հաջողելու պարագայում ինչ ճանապարհով է գնալու նոր ձևավորվելիք կառավարությունը և այլն։
Այդ հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ ստորև բերվող հղումներում․
– Ինչու պիտի հեռանա Նիկոլ Փաշինյանը․ պահանջների հիմնավորում
– Ով է լինելու Շարժման առաջնորդը
Շնորհակալություն
Հարգանքով՝ «Զանգ» շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյան»։