ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղենշային սկզբունքները։ Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունից։

Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող նոյեմբերի 17-ի որոշման մանրամասները և Ադրբեջանի իրավական պարտավորությունները։

Դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։

Հայաստանի դեսպանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի հայկական կողմի թվով 6-րդ խմբագրությունը։ Դեսպանը ներկայացրել է հարաբերությունների կարգավորման ուղենշային սկզբունքները։

Անդրադարձել է Հայաստանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողների նոյեմբերի 6-8-ը Հայաստան իրականացրած այցին, որի արդյունքում ԵԽԽՎ համազեկուցողները նշել են, որ Հայաստանի իշխանության և բնակչության համերաշխության շնորհիվ Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան նախորդած ինը ամսվա մեկուսացումից հետո Լեռնային Ղարաբաղի հայերը Հայաստանում գտել են արժանապատիվ կացարան և ստացել հրատապ օգնություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել