ԱԳ նախարարի հանդիպումը Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 18-ին Մանամայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիի հետ։

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիին քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների հետևանքով քաղաքացիական բնակչության համար խիստ բացասական հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով, Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված էր լքել իր հայրենիքը՝ մինչ այդ ավելի քան ինն ամիս ենթարկվելով անմարդկային բլոկադայի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է բռնի տեղահանված 100 հազարից ավել հայերի՝ ՀՀ-ում պատշաճ ընդունելու, նրանց կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Ընդգծելով, որ ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության հաստատմանը՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է այն սկզբունքները, որոնց նկատմամբ բոլոր ներգրավված կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի հանձնառությունը, թույլ կտա կարգավորել առկա խնդիրները։ Ընդգծվել են տարածքային ամբողջականության փոխադարձ՝ առանց երկիմաստությունների ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի և ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հիմնական սկզբունքները։ Վերջինի համատեքստում Արարատ Միրզոյանը ԾՀԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ իր քաղաքական և տնտեսական բաղադրիչներով, ներդրումային գրավչությամբ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ծոցի երկրների և Հայաստանի միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հարցերի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել