ՀՀ ՄԻՊ–ը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու գլխավոր քարտուղարի հետ այցելել է Արցախից բռնի տեղահանվածներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Կոտայքի  մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Մարզի և համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ են տեղի  ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները, կյանքի և անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները և բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել