ՌԴ դեսպանը հայտնել է ՀՀ ՄԻՊ-ի հաստատության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ինչպես Հայաստանի ռուսական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից են։

Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։

Նշվում է, որ, իր հերթին, Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Պաշտպանի հաստատության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել