ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակով եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 322 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 710 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի շուրջ 6.6 տոկոսը:
Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 8-ի արտահերթ նիստում` ամփոփելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախնական քննարկումները:
Ըստ նրա` ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 340 միլիարդ դրամ կամ ՀՆԱ 3.2 տոկոսը, որի հետեւանքով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջում կկազմի 48.4 տոկոս: Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն կտա պահպանել ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:
Նշվել է, որ 2024 թվականի պետական բյուջեի շրջանակում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության եւ արտադրողականության աճը: Եկող տարի ՀՀ կառավարությունը շարունակելու է թիրախավորել երկարատեւ բարձր տնտեսական աճի ապահովումը` տարեկան շուրջ 7 տոկոս մակարդակում:
ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 2024 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում` առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդնում, ընտանեկան նպաստների համակարգի բարելավում, 3 եւ ավելի երեխա ունցող ընտանիքներին դրամական աջակցության ծավալների ավելացում, առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճ:
2022 թվականին Հայաստանի տնտեսությունն ապահովել է բարձր տնտեսական աճ, ինչը շարունակվել է 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում: Մասնավորապես, 2022 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 12.6 տոկոս, իսկ 2023 թվականի 1-ին կիսամյակում` 10.5 տոկոս:
2022 թվականի բարձր տնտեսական աճը եւ հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովելու ՀՆԱ համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի եւ Կառավարության պարտքի նվազում, որը հիմքեր է ստեղծել 2022-2026 թվականների պարտքի բեռի նվազեցման ծրագրի թիրախների իրականացման համար:
Բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ: «Բայց, հաշվի առնելով հավելյալ ծախսերի պահանջը եւ ակնկալվող ծրագրերը, մենք նախատեսել ենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը` 144 միլիարդ դրամը, դեֆիցիտից կբարձրանա վերեւ եւ կհայտնվի մեր ծախսերի մեջ` որպես աջակցություն մեր հայրենակիցներին: Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,- ասել է նախարարը:
Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազումը հիմնականում պայմանավորվել է ՀՀ դրամի արժեւորմամբ եւ ՀՆԱ իրական աճով: Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի 13.6 տոկոսային կետով նվազմանը 11 տոկոսային կետով նպաստել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեւորումը, 6.2 տոկոսային կետով` տնտեսական աճը, 1.8 տոկոսային կետով` իրական տոկոսադրույքի նվազումը, եւ 0.2 տոկոսային կետով` առաջնային պակասուրդը: Պետական բյուջեից զուտ վարկավորումը կազմել է ՀՆԱ-ի 1.7 տոկոսը:
«Կապիտալ ծախսերի 41 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,- ասել է Ֆինանսների նախարարը: Ըստ նրա` պաշտպանության ոլորտին հատկացնելու է 555 միլիարդ դրամ, ինչը 7 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին: Պաշտպանության ծախսերը համախառն ներքին արդյունքում կկազմեն 5.3 տոկոս:
Նշվել է նաեւ, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կկազմի 4,660 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.4 տոկոսը, իսկ 2024 թվականի տարեվերջին այն կկազմի 5,318 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 50.7 տոկոսը:
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքը կկազմի 5,082 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 48.4 տոկոսը եւ 2023 թվականի տարեվերջի համեմատությամբ ՀՆԱ-ի նկատմամբ կաճի 1.4 տոկոսային կետով: Կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարներ) կկազմեն ՀՆԱ-ի 3.1 տոկոսը:
«Կառավարությունն ամեն ինչ կանի` պահելով պարտքի մակարդակը 50 տոկոսից ցածր մակարդակում»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:
Նա կարեւոր է համարել սոցիալական ոլորտի համար նախատեսված 755 միլիարդ գումարի հատկացումը, որը ՀՆԱ-ում կազմում է 7.2 տոկոս:
Ըստ նախարարի` 2024 թվականին մեծ թափով կշարունակվեն դպրոցաշինության ծրագրերը:
Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է` արդյո՞ք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները կշարունակեն ստանալ ամենամսյա 50 հազար դրամ օգնությունը, եթե դառնան կենսաթոշակի շահառու:
Ի պատասխան նշվել է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրանք կստանան նախատեսված այդ գումարները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հետաքրքրվել է` ԼՂ-ի պետական ինստիտուտների պահպանման համար ֆինանսական միջոցներ արդյո՞ք նախատեսվել են:
Ի պատասխան` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում եւ չի էլ լինելու»:
Իսկ Ֆինանսների նախարարը փաստել է, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության եւ այլ սոցիալական խնդիրների լուծմանը:
Ի պատասխան Արթուր Խաչատրյանի բյուջետային ռիսկերի վերաբերյալ հարցին` Վահե Հովհաննիսյանը նշել է, որ բոլոր ռիսկերը գնահատված են, պահուստային ֆոնդում նախատեսվել են հստակ միջոցներ` ֆիսկալ խնդիրները չեզոքացնելու համար:
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կարեւոր է համարել է 2024 թվականին Կառավարության ծրագրերն ամբողջությամբ եւ որակով իրականացնելը: Ըստ նրա` 2024 թվականը լինելու է կապիտալ ծախսերի որակով իրականացման տարի:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն անդրադարձել է նախնական քննարկումների ժամանակ պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը փաստել է, որ բոլոր առումներով 2024 թվականի բյուջեն բոլոր ժամանակների ամենամեծ պետական բյուջեն է:
Նա հանգամանալի անդրադարձել եւ կարեւորել է աննախադեպ կապիտալ ծախսերի ավելացումը, ինչի իրականացումը տնտեսության զարգացման հիմնաքարն է:
Ըստ Գեւորգ Պապոյանի` 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է: Դրան հասնելու համար նա շեշտադրել է կապիտալ ծախսերի իրականացման որակի բարձրացումն ու բարեփոխումների նորմայի կատարումը:
Նա շեշտադրել է արդյունքային ցուցանիշների կարեւորությունը եւ փաստել, որ գումարը պետք է դիտարկել որպես միջոց` հասնելու համար արդյունքային ցուցանիշների ապահովմանը:
Ըստ պատագամավորի` այսօր կատարված ներդրումներն ապահովելու են երկրի ապագա զարգացումը:
Նա անդրադարձել է սննդի արդյունաբերության խնդիրներին, կարեւորել ոլորտի գործարանների ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկական վերազինումը, ինչը հնարավորություն է միջազգային շուկա դուրս գալու համար:
Գեւորգ Պապոյանն ընդգծել է նաեւ թափանցիկ գնումների գործընթացի կարեւորությունը:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին` գնաճը համակողմանի կառավարելու համար: Կարեւոր է համարվել պետական ծախսերի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացումը:
Անդրադառնալով հարկային արտոնություններին` պատգամավորը նշել է. «Որոշակի ոլորտներում հարկային արտոնություններն արդարացված չեն»: Անհրաժեշտ է համարվել վերանայել այդ արտոնությունները:
Մանրամասն քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակին:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին ՀՀ պետական բյուջեում ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների եւ նպաստների համար կավելացվի լրացուցիչ 30 միլիարդ դրամ:
Նշվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թվականի պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր սեպտեմբերի վերջերին` մինչ տեղահանությունը:
«Այդ օրերին մենք ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք, քանի որ հստակ պատկեր չկար մարդկանց քանակի եւ իրավիճակի վերաբերյալ: Այդ պատճառով մենք որոշեցինք, որ բյուջեի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնենք այդ հավելյալ ծախսերը: Որպես նախնական տեղեկություն` ասեմ, որ 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ թոշակների ու նպաստների ծախսերը կներառենք, որը մեր կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 միլիարդ դրամով»,- ասել է Ֆինանսների նախարարը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունում կհաստատեն «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ԼՂ-ից տեղահանվածների թոշակները վճարել այն չափով, որքան իրենք ստացել են ԼՂ-ում:
Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին իրականացնել նաեւ աշխատունակ տարիքի մարդկանց համար վերապատրաստումների եւ աշխատանքի տեղավորման ծրագրեր, ինչպես նաեւ բնակարանային ապահովության ծրագրեր:
Ըստ նրա` այս ամենը մշակման փուլում է գտնվում: Վահե Հովհաննիսյանը նշել է` եթե չհասցնեն մինչեւ բյուջեի ընդունումն իրականացնել նախատեսված ծրագրերը, ապա այդ գումարները կնախատեսեն պահուստային ֆոնդում, որտեղից էլ տարվա ընթացքում հատկացումներ կլինեն: