ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ նախորդ կարգավորմամբ՝ դպրոցին լիցենզիայով տրված տեղերում փոփոխության առաջարկի համար սահմանված էր ժամկետ՝ մինչև տվյալ տարվա մայիսի 20-25-ը, որի ընթացքում տնօրենները կարող էին դիմել լիազոր մարմնին՝ հիմնավորելով լիցենզիայով տրված տեղերի ավելացման պահանջը, սակայն այս ժամկետը հնարավորություն չէր տալիս փոփոխություններ կատարել ավելի ուշ, երբ դպրոցի համար հայտագրված սովորողների թիվը հստակ էր: Նոր կարգավորմամբ կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկի ներկայացման ժամկետ է սահմանվել մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Ժամկետը երկարաձգվել է, քանի որ այդ ժամանակահատվածում տնօրենները հստակ գիտեն տարրական օղակում լիցենզիայով սահմանված որքան տեղեր կարող են ավելացնել:
Կարգավորված չէր նաև առաջնահերթություններ ունեցող սովորողներին հաստատություն լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում ընդգրկելու հարցը: Ավելացվել է դրույթ, որի համաձայն՝ առաջնահերթություն ունեցողները կարող են հաստատություն ընդունվել, եթե դպրոցը լիցենզիայով սահմանված տեղեր ունի՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ, կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։
Վերանայվել է նաև հայտագրման կայքի անունը. հայտագրումն իրականացվելու է համակարգում ստեղծված առանձին haytru.emis.am կայքէջի միջոցով:
Հաջորդ փոփոխությունը կապված է հանրակրթության մեջ ժամկետից ուշ սովորողի ընդգրկման հետ, ըստ որի՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը 8 տարին ներառյալ լրանալու դեպքում երեխան հաճախում է տարիքային խմբին համապատասխան դասարան՝ նախորդ կարգավորմամբ գործող 1-ին դասարանի փոխարեն:
Ներկայում քոլեջի կամ ուսումնարանի սովորողը ցանկացած դասարանում և ցանկացած պահի կարող է տեղափոխվել դպրոց, որը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ուսումնական նյութի յուրացման և ուսումնական գործընթացում ընդգրկվելու տեսանկյունից, ինչից ելնելով՝ հստակեցվել են նաև քոլեջից կամ ուսումնարանից հանրակրթական ուսումնական հաստատություն աշակերտների տեղափոխման հետ կապված հարցերը: