Նախատեսվում է 2024թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Պաշտպանության նախարարությունը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմանվորման համաձայն՝ պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:
Նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
Կառավարությունը կսահմանի, որ
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով,
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով,
3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.
ա. 2024 թվականի հունվարի 23-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 878 քաղաքացի, որոնցից 800-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 35-ը` ավագ ենթասպայական կազմի, 43-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2024 թվականի փետրվարի 6-ից մինչև մարտի 1-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 588 քաղաքացի, որոնցից 534-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ը` ավագ ենթասպայական կազմի, 34-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2024 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 358 քաղաքացի, որոնցից 319-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 7-ը` ավագ ենթասպայական կազմի, 32-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2024 թվականի մարտի 5-29-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 218 քաղաքացի, որոնցից 199-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 3-ը` ավագ ենթասպայական կազմի, 16-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ե. 2024 թվականի մարտի 12-ից մինչև ապրիլի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 289-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
զ. 2024 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 481 քաղաքացի, որոնցից 438-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 25-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: