ՇՄՆ-ն նախատեսում է Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն ստեղծել․ այն ապակենտրոնացնելու է հանրային ծառայությունների միասնական համակարգը

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը, որի համաձայն շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «ներկայումս անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է պահպանություն իրակացնող աշխատակիցների միջոցով, որոնք ունեն ցածր սոցիալական պաշտպանվածություն, տեխնիկական սակավ հագեցվածություն և լիազորություններ (ծառայողական զենք կրելու իրավունք), աշխատում են աշխատանքային օրենսգրքով սահմանված հնգօրյա և 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով (09։00-18։00), ունեն տեխնիկական ցածր զինվածություն, ինչի արդյունքում հնարավոր չի լինում լիարժեք ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը: Վերլուծության արդյունքներով պարզ է դառնում, որ իրավախախտները, օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառախախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին և ժամերին»։

Ըստ «ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածի՝ օրենքը կարգավորելու է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում շրջակա միջավայրի պահպանության ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները։

Այս նախագծի փաթեթի շրջանակներում նախատեսվում է լրացում կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, որի համաձայն կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն՝ որպես պետական ծառայության առանձին տեսակ:

Նշենք, որ 2014 թվականից ի վեր հանրային ծառայության համակարգի բարեփոխումների առաջնային խնդիրներից էր պետական ծառայության հատվածականության վերացումը և քաղաքացիական ծառայության ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց շրջանակի ընդլայնումը և պետական ծառայությունը կարգավորող երկրորդային օրենսդրական կարգավորումների նվազեցումը:

Սա պայմանավորված էր ոչ միասնական կարգավորումների պայմաններում ծագող խնդիրներից, որոնց մասին նշվել է նաև ՄԱԶԾ, ԵԱՀԿ, ԵՄ/ՏՀԶԿ SIGMA («Կայուն և ներառական աճ լեռնային Հայաստանում») ծրագրի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից։ Դրանք բխում են Հանրային կառավարման եվրոպական սկզբունքներից։ Այս ամենից ելնելով էլ 2018 թվականին քաղաքացիական ծառայության համակարգը ընդլայնվեց՝ ընդգրկելով պետական կառավարման նոր մարմիններ։

Անտառային կոմիտեին օրենսդրությամբ վերապահված գործառույթների համաձայն, առկա չեն այնպիսի յուրահատուկ գործառույթներ, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ լինի սահմանել պետական ծառայության առանձին տեսակ՝ առանձին իրավական կառուցակարգերով։

Ինչպես նշվում է ՇՄՆ ներկայացրած նախագծում նշվում է, որ ծառայության խնդիրների և գործառույթների իրականացումն անհնար է առանց շուրջօրյա հերթափոխային ծառայության կազմակերպման (ծառայության իրականացման ցանկացած ընդհատում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների)։ Նաև հղում է արվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածին և Կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանելու մասին» N 2138-Ն որոշմանը՝ նշվում է, որ վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող յուրաքանչյուր աշխատողի մասով այլ աշխատաժամանակի տևողություն սահմանել։

Նշված պարագայում հարցը կարելի է դիտարկել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կարգավորումների և Կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1223-Ն որոշման համատեքստում, որոնց համաձայն՝ քաղաքացիական ծառայողի աշխատանքային ժամերը կարող են փոփոխվել` պայմանավորված տվյալ մարմնում աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններով:

Սրանից հետևում է, որ պետական ծառայության առանձին տեսակ սահմանելու կարիք, որպես այդպիսին, չկա։

Այս ամենից կարելի է եզրահանգել, որ ներկայացված նախագիծը չի բխում հանրային ծառայության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունից։ Նախագծի հիմնավորմման ուսումնասիրությամբ՝ բացառիկ գործառութային առանձնահատկությունների առկայություն առկա չէ, որպեսզի պետական ծառայության առանձին տեսակ նախատեսվի։

Առանձին ծառայություն ստեղծելով՝ կապակենտրոնացվի հանրային ծառայությունների միասնական համակարգը, ինչը հակասում է նաև միջազգային փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներին՝ Հանրային կառավարման եվրոպական սկզբունքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել