Մահացել է ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ 2023թ. նոյեմբերի 7-ին 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը, ով երկար տարիներ անձնվիրաբար մաս է կազմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության ներկայացման և առաջնահերթությունների առաջմղման գործում:
Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր երկարամյա ծառայության ընթացքում պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, հուշամեդալներով, շքանշաններով. ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության հրամանատարի շքանշանով, ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշանով և այլն:
Խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Տեր-Ստեփանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։ Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակը վառ կմնա բոլորիս հիշողություններում»,- ասված է հաղորդագրությունում։