Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մշակույթի ոլորտի ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է  Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները: Մասնավորապես, փաստաթղթի նպատակներից են՝  մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումն ու  նորարարությունը, մշակութային հասանելիությունն  ու  ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող և ստեղծող երկիր: Նախագծում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց Կառավարությունը ձգտելու է հասնել  սահմանված ժամանակահատվածում:

Ռազմավարության նախագծով սահմանված առաջնահերթություններից է մշակութային  ժառանգության գույքագրումն ու ինստիտուցիոնալացումը, որի շրջանակում նախատեսվում են, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնում, արգելոց թանգարանների, հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում: Ընդգծվել է նաև մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացման կարևորությունը, այդ թվում՝ թանգարաններում էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը: 

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետն ընդգծել է ոլորտի արդյունավետ կառավարման ու զարգացման կարևորությունը և նշել, որ այն ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է  ներկայացված առաջարկությունները և ոլորտում առկա հարցերի լուծման վերաբերյալ դիտարկումները  ներառել ռազմավարության մեջ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել