Հայնաբերվել ու կալանավորվել է 3 երիտասարդի դանակահարած 29-ամյա տղամարդը․ ոստիկանություն

Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.25-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ։ Մայրաքաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց 2022 թվականի դեկտեմբերի 16-ից սպանության փորձի, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվող 29-ամյա տղամարդը։ Խափանման միջոցը՝ կալանք:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի նոյեմբերի 30-ին։ Այդ օրը, ժամը 20.35-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 39, 35 և 26-ամյա երեք տղամարդիկ։

Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Պարզվեց, որ ժամը 20.00-ի սահմաններում Մասիս քաղաքում գտնվող ռեստորանային համալիրի բակում վերը նշված անձանց սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել 29-ամյա տղամարդը:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Բավարար փաստական հանգամանքների հիման վրա որոշում էր կայացվել՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում։ Սակայն տղամարդը խուսափել էր քննությունից։

29-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել