Արդեն 6-րդ «ռաունդն» է մեկնաբանություններով կամ խմբագրություններով փոխանակվելու. Արարատ Միրզոյան

Մենք ունենք 100 հազարից ավել փախստականներ, որոնց կարիքները հոգալը և անհրաժեշտ պատշաճ ու արժանապատիվ լուծումներ տալը մասնակիրորեն նաև Արտաքին գործերի նախարարության ուսերին է ծանրանում։ Այս մասին Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես կարող եմ վստահաբար նշել, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը անցնցում և առանց որևէ խնդրի 3-4 օրում կարող է ընդունել 100 հազարից ավել փախստական և դա որևէ ալեկոծություններ չառաջացնի՝ սկսած ներքաղաքական կյանքից, ավարտված՝ տվյալ երկրի տնտեսական, սոցիալական համակարգերում։ Ավելորդ չեմ համարում նշել, որ մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ, ովքեր նաև պատրաստակամություն են հայտնում մեզ օգնել այս գործընթացում հարկ են համարում նշել, որ դրականորեն զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից և կազմակերպվածությունից։ Դարձել է շատ սիրելի օրինակ, որ հանդիպումից հանդիպում կրկնում են մեր միջազգային գործընկերները՝ նույնիսկ վրանային ավաններ չկան»,-ասաց նախարարը։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ հիմնական քաղաքական խնդիրն այս պահին այն է, որ Հայաստանում պետք է ապահովել կայուն անվտանգային միջավայր, որը խաղաղության օրակարգը և ՀՀ-ի չորս հարևանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում սերտ համագործակցային կամ բարեկամական համագործակցությունների ձևավորումն է։

«Մեր խորին համոզմամբ սա է այն միջավայրը, որում Հայաստանի Հանրապետությունը կարող է և շանս ունի ապահովել իր շարունակական գոյությունը և նաև զարգացումներ լինեն։ Սպառնալիքներից ենք խոսում, բայց ուզում եմ նշել, որ կան ահռելի և շոշափելի հնարավորություններ, բայց ուզում եմ կրկնել՝ սրա ճանապարհը միայն անցնում է միմիայն խաղաղության խողովակով։ Մենք հույս ունեինք, որ այս ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվեր Գրանադայում։ Ցավոք սրտի Ադրբեջանի նախագահը հարմար կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը։ Ինչևէ, Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում և այդտեղ հանդիպման արդյունքներով, ի վերջո դուրս եկավ մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով արտացոլում է այն խաղաղության երկարատև, կայուն և արժանապատիվ հիմքերը։ Արդեն 6-րդ «ռաունդն» է մեկնաբանություններով կամ խմբագրություններով փոխանակվելու կամ հանդիպելու, բանակցելու․ ամբողջ ընթացքում էլ հենց սրանք են եղել մեր ուղենիշները։ Ավելորդ չեմ համարի հիշեցնել՝ առաջինը երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է»,-ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել