24-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, հարվածել է վերջինիս ձախ աչքի քունքային հատվածին` պատճառելով մարմնական վնասվածք․ ՔԿ

Ավարտվել է Երևանի 24-ամյա բնակչի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մի շարք աշխատակիցներ 2023թ. սեպտեմբերի 21-ին’ ժամը 15:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացնելու միտումով դուրս են եկել Երևան քաղաքի Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ, փակել ճանապարհների երթևեկելի հատվածը’ խոչընդոտելով երթևեկությանը: Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով ոստիկանության աշխատակիցները, մոտենալով հիշյալ քաղաքացիներին, անհնազանդությունները դադարեցնելու և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու օրինական պահանջ են ներկայացրել: Սակայն, քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, իսկ երբ վերջիններս, շղթա կազմելով, փորձել են նրանց դուրս բերել ճանապարհահատվածից, 24-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցներից մեկի նկատմամբ.  դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ աչքի քունքային հատվածին’ պատճառելով մարմնական վնասվածք: 

Այնուհետև, դեպքի վայրում գտնվող ոստիկանության այլ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է օրինախախտում կատարող քաղաքացիներին դուրս բերել ճանապարհի բանուկ հատվածից, իսկ 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել