Ինչ որոշում էլ, որ կայացնեք, հաշվի առեք, որ ես ունեմ երկու բնակարան, մեկը Եռաբլուրում է․ Գարիկ Գալեյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում, նախագահության դատավոր Մասիս Մելքոնյանի, ընթանում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալիյանի գործով դատական նիստը։

Դատավորը մեղադրող կողմից ճշտեց, թե ինչու են նշել, որ հնարավոր է կամ բացառված չէ, որ Գարիկ Գալեյանը ազատության մեջ գտնվելով՝ կկատարի հանցավոր արարք․ «Կոնկրետ, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչ հանցավոր արարքի մասին է խոսքը»։

Դատախազ Արմեն Բեգլարյանն ասաց, որ իր ձեռքի տակ է տեղեկանք, որի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ Գարիգ Գալեյանի նկատմամբ քննվել են քրեական վարույթներ, որոնցից մեկը կարճվել է 2022 թվականի սեպտեմբերի 6-ին, արարքի ապաքրեականացման հիմքով։ Նա նշեց, որ խոսքը ծանր վիրավորանքի մասին է։

«Ըստ էության՝ անձը չի վիճարկել, որ չի կատարել այդ արարքը։ Բացի այդ, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին  կարճվել է ևս մեկ գործ, որը ևս նույնաբնույթ արարք է։ Նա նաև կատարել է թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման հանցավոր արարք։

Դատավորի ճշտող հարցին, թե արդյո՞ք արձանագրվել են դեպքեր, երբ Գարիկ Գալեյանը՝ գտնվելով ազատության մեջ, խոչընդոտել է նախաքննությանը։

Դատախազն ասաց, որ այս պահին նման տեղեկատվություն չունեն։

Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալը կալանքի կրմանը խոչընդոտող երեք հիվանդություն ունի։

«Չհաշված՝ գանգուղեղում առկա բեկորներային վնասվածքները, որոնք ստացել է 44-օրյա պատերազմի ընթացքում և որոնք վիրահատական եղանակով հեռացնել հնարավոր չէ»,-նշեց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը խնդրեց, որ դատարանը խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը քննելիս՝ հաշվի առնի Գարիգ Գալեյանի անձը և մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանը․ «Խոսք է գնում ընդամենը անձի գլխին, անձի վրա խմելու ջուր լցնելու մասին։ Սա է մեղսագրվող արարքը»։

Խոսքով հանդես եկավ նաև մեղադրյալ Գարիկ Գալեյանը։

«Խնդրում եմ՝ ինչ որոշում էլ, որ կայացնեք, հաշվի առեք, որ ես ունեմ երկու բնակարան, մեկը Եռաբլուրում է։ Այս իշխանությունն ինձ տվել է երկրորդ բնակարանը, մեկ սենյականոց, առանց դուռ բնակարան է։ Ես պարտադիր պետք է այցելեմ այնտեղ, չեմ կարող չայցելել»,-ասաց նա։

Գալեյանը նաև հարցեր ուղղեց մեղադրող դատախազին։

«Դուք երբևէ Եռաբլուրում եղե՞լ եք, դուք երեխաներ ունե՞ք, իսկ արյան հոտը զգացե՞լ եք։ Որ երեխայիդ ման գաս դիրահերձարաններում, ֆուռերի դռներ բացես, որ երեխայիդ դին գտնես, պատկերացում կազմու՞մ եք դրա մասին, թե դուք միայն Քրեական օրենսգրքից եք հոտ քաշում։ Իսկ ես Եռաբլուրում՝ տղայիս քարը պաչելիս, իր հոտն եմ առնում։ Չէի ուզի, որ դուք էլ այդ ճակատագրին արժանանաք։ Իսկ իմ պայքարն արդար է։ 5000 տղա են սպանել այս երկրում ու դեռ ոչ ոք պատասխան չի տվել»,-ասաց մեղադրյալը։

Դատավորն ընդհատեց՝ նշելով, որ քննվում է խափանման միջոցի հարցը և պետք է խոսել ըստ էության։

Գարիկ Գալեյանը ևս մեկ անգամ նշեց, որ եթե դատարանը որոշում կայացնի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ հաշվի առնի, որ նա մեկ բնակարան էլ ունի՝ Եռաբլուրը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, վերացրեց կալանքը, որպես խափանման միջոց կիրառեց գրավը՝ 2 մլն դրամի չափով, տնային կալանքը՝ 2 ամսով։ Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել