Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ։ Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Աղբյուրը պարզաբանել է, որ գրիպի ընդհանուր ախտանշաններն են ջերմությունը, մարմնի ջարդվածության զգացումը, դողը, սարսուռը և քրտնարտադրությունը, գլխացավը, չոր հազը, շնչարգելությունը, հոգնածությունը և թուլությունը, քթահոսությունը (հարբուխ), կոկորդի ցավը և քերոցի զգացումը, ինչպես նաև ակնագնդերի ցավը, լուսավախությունը և արցունքահոսությունը, փսխումը և փորլուծությունը, որն ավելի տարածված է երեխաների մոտ։ Բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ գրիպի վիրուսով պայմանավորված առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, երիկամային անբավարարությունը և այլն։ Հղիների մոտ, որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություն, կարող է զարգանալ սուր շնչառական անբավարարություն։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հիշեցնում և հորդորում է.
- պատվաստվե´լ սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից,
- խուսափե´լ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
- հիվանդներին՝ մնա՛լ տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին չթույլատրել հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- հրավիրե՛լ տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվելլ ինքնաբուժմամբ,
- չօգտագործե՛լ հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´լ եղանակին համահունչ,
- պահպանե´լ հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե՛լ հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե՛լ փակ տարածքները,
- հետևե՛լ անձնական հիգիենային: