Նախագահ Վահագն Խաչատուրյանին ներկայացրել են Սյունիքի մարզի օպերատիվ իրավիճակը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների»,- ասված է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել