Արտաքին հետախուզության ծառայությունն արդեն ստեղծվել է և ձևավորման փուլում է գտնվում․ վարչապետ

Անվտանգության առումով էական եմ համարում նաև Հայաստանում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այն արդեն ստեղծվել է և ձևավորման փուլում է գտնվում: Հույս ունեմ և համոզված եմ, այն ևս մի լրացուցիչ և էական գործոն կդառնա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առումով:

Պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի համեմատ մենք նաև էականորեն ավելացրել ենք, ըստ էության՝ կրկնակիից ավելի, մեր հատկացումները ներքին անվտանգության ապահովման հարցերին: Իհարկե, այդտեղ էլ գաղտնիության որոշակի էլեմենտներ կան, բայց ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծանումը Կառավարության ուշադրության կենտրոնում է։ Եվ եթե ներքին անվտանգության ապահովման համար 2018 թվականի ծրագրված հատկացումը եղել է 63.3 մլրդ դրամ, 2024 թվականի համար նախատեսված է 148 մլրդ դրամ։

Այսինքն` ավելացող մասն էականորեն ավելի է 2018 թվականին նախատեսված ամբողջ ծավալից։ Իհարկե, այդ կարողությունների ավելացման մի մասը տեսանելի է, ինչպես արդեն ասացինք, Պարեկային ոստիկանությունը, և պիտի արձանագրեմ, որ ըստ էության, Հայաստանի անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունը երբեք միանվագ այդպիսի ներդրում չի ունեցել։

Մենք Պարեկային ոստիկանության ձևավորման համար ներդրել ենք 29 մլրդ դրամ, որից 20 մլրդ դրամը հատկացվել է Հայաստանի պետական բյուջեից, 6 մլրդը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից և 3 մլրդը՝ Եվրամիության կողմից։ Ուզում եմ արձանագրեմ, որ Պարեկային ոստիկանության ձևավորման ընթացքում մեզ շատ կարևոր աջակցություն են ցույց տվել արդեն Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները, որոնք Սևանում ջրային ծառայության համար հատկացրել են, նվիրաբերել են 2 մոտորանավակ, որը հենց գործարանային պարամետրերով նախատեսված է առափնյա ծառայություն իրականացնելու համար։ Առաջիկայում մենք նաև այդ ծառայության բացման արարողությունը կունենանք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել