Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին, հետաքրքրվեց․ «Ձեր ֆինանսավորման հարցը լուծվե՞ց, որքա՞ն ժամանակ է սա տևում»:
Վերջինս արձագանքեց՝ ասելով. «Արդեն 6-7 ամիս է: Մենք ներկայացրել ենք 32 անվազույգերի և 4 կիլոմետր ռելսի հետ կապված գումարները: 400 միլիոն է մոտավոր կազմում 32 անվազույգը, և 200 միլիոն՝ 4 կիլոմետր ռելսը, որը 4-5 անգամ ներկայացրել ենք, որ Կառավարությունը հաստատի: Հաշվարկել ենք դա 2024 թվականի բյուջեում»:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց. «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռել այդտեղ, որովհետև մենք ունեցել ենք միջադեպ Մետրոպոլիտենում, բարեբախտաբար, առանց զոհերի: Պարոն Փամբուխչյան, խնդրում եմ աշխատեք, որ նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունվի, որովհետև իրապես շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում, և բյուրոկրատական անիմաստ ձգձգումները անիմաստ ռիսկեր են առաջացնում, և եթե հրատապության մասին է խոսքը, այս ծրագիրը ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»: