ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը:
2023թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցվելուց հետո հավաքի մի խումբ մասնակիցներ մոտեցել էին ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել էին հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ կատարել։ Դրանք զուգորդվել էին ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին
մասով և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում, զանգվածային անկարգություններ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել էր Արմավիրի մարզի Դաշտ համայնքում հաստատված 29-ամյա տղամարդ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր դեղնականաչավուն զանգված և մեկ հատ մոխրացված հետքերով ապակյա գլանակ: Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական վարույթները միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդի մոտ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված 3,78 գրամ հաստատուն չոր քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Քննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա որոշում է կայացվել՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-րդ մասով:
Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Զանգվածային անկարգություններ կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: