Նիկոլ Փաշինյանը՝ Դմիտրի Մեդվեդևի՝ իր մասին արած վիրավորական գրառման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին, որի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններին, ինչպես նաև ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի աղմկահարույց հայտարարությանը։

«The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Եվրոպական Խորհրդարանի Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ հիասթափված եք ձեր որոշ դաշնակիցների վարքագծից։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, ըստ Ձեզ, ՀԱՊԿ-ի ձեր պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, ի՞նչ պետք է աներ այլ կերպ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր արևմտյան դաշնակիցներից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք դրա մասին առաջին անգամ չէ որ խոսում ենք և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:

Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:

Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Բայց փաստացի հենց այս պահին դեռևս այդ պայմանագիրն ունեք Ռուսաստանի հետ, Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, գոնե այս պահին ես արդեն ասացի, իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելությունները, ցավոք, չենք տեսել:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Արդյոք սա նշանակում է, որ պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին նախագահ Մեդվեդևը, իսկապես վիրավորական բառամթերք են օգտագործել Ձեր հասցեին և հեղաշրջման կոչ են արել։ Ինչպե՞ս եք պատասխանել այս ամենին, և ըստ Ձեզ, Ռուսաստանում Ձեր դեմ տարվող այս արշավի պատճառները որո՞նք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես դրան, եթե չեմ սխալվում, հենց որպես այդպես ուղիղ չեմ արձագանքել և չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից ինչ-որ ասել եմ, որովհետև ես այդ թեմաներին անդրադարձեր ունեցել եմ: Բայց նաև ակնհայտ է, որ Ձեր նշած այդ փաստերն առնվազն հարցեր են առաջացնում, և այդ հարցերի պատասխանները պետք է գտնել, որովհետև ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կա եթե նույնիսկ չեմ ասել, նման մոտեցումը շատ կանոններ է խախտում, սկսած՝ միմյանց ներքին գործերին չխառնվելու և դիվանագիտական կոռեկտության և, իհարկե, նաև անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում, որովհետև անհասկանալի է նման ձևակերպումը, նման խոսակցությունը և նման դիրքավորումն այն մարդկանց համար, ովքեր միմյանց հետ, այնուամենայնիվ, բավականին երկար ժամանակ աշխատել են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել