Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից բազմաթիվ զանգեր է ստացել, որոնք վերաբերում են իրենց կարգավիճակին․ «Օրինակ՝ նրանք չգիտեն, թե ինչ կարգավիճակ ունեն, հետևաբար համայնքային և պետական ծառայողների ռեզերվներում, ինչ կարգավիճակով են գրանցվում կամ ինչ ծավալով են օգտվելու իրավունքներից»:
Պատգամավորը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչու կառավարությունը չի իրականացնում ծրագրային կայուն աջակցություն արցախցիների համար օրենսդրական մակարդակով, փոխարենն արվում է ամսական անհասկանալի պարբերությամբ և սոցիալական երաշխիքներին ոչ բնորոշ ձևով՝ կառավարության որոշմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ Արցախից բռի տեղահանված քաղաքացիների կարգավիճակը շատ կարևոր հարց է: Նշեց, որ կառավարության վաղվա նիստում կընդունվի որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կտրվի «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշման նախագիծը քննարկվել է լայն ֆորմատներով, և այդ կարգավիճակը հնարավորություն կտա ամբողջ ծավալով պաշտպանել տեղահանվածների իրավունքները:
Վարչապետի խոսքերով՝ տեղահանված քաղաքացիները որոշումից հետո հնարավորոթյուն կունենան դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար:
Պատգամավորը հետարքրվեց՝ արդյոք այդ նախագիծը քննարկվե՞լ է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի պետական ինստիտուտների կողմից կայացվելիք որոշումները քննարկում են այն ինստիտուտների և շրջանակների հետ, որոնք Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ ունեն լիազորություններ որոշումներ կայացնելու հարցում:
Այսինքն՝ վարչապետն ակնարկեց, որ հարցը չի քննարկվել Արցախի իշխանությունների հետ:
Ինչ վերաբերում է օրենսդրական մակարդակով ծրագրեր իրականացնելուն, ապա ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության որոշումներով ավելի արագ է գործընթացն իրականացվում և ապահովում են հասցեականությունը: