Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հոսպիտալացումների թվի կտրուկ աճ, սակայն, այս պահին չի գրանցվել․ «Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում, այս պահին սեզոնային ակտիվացում է»։
Նախարարը հորդորեց քաղաքացիներին օր առաջ պատվաստվել գրիպի դեմ: Պատվաստանյութը, նրա խոսքով, եվրոպական արտադրության է, գործում է գրիպի 4 տեսակի շտամերի դեմ:
Այս պահին կորոնավիրուսի շրջանառվող շտամերի փոփոխություն չի նկատվում․ «Օմիկրոն շտամն է իր տարբեր ենթաշտամերով: Ախտանշանները բավականին նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր, դժվար է տարբերակել՝ գրի՞պ է, թե՞ կորոնավիրուս, եթե չի արվում թեստավորում»։