Բունդեսթագի ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանին Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է պարոն Ռոթի այցը և կարևորել Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների միջև համագործակցության և երկխոսության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում օկուպացված (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:

Միխայել Ռոթը բարձր է գնահատել երկկողմ միջխորհդարանական կապերը և դրանց հետագա ամրապնդման վստահություն հայտնել: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն ու տեղի հայության բռնի տեղահանությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել