Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշումների համար կսահմանվի բողոքարկման մեխանիզմ

Առաջարկվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն ստեղծել: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը: ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր եւ ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ ԱԺ-ի կողմից ընտրված երկուական անդամ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ-ն՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով:

Այս մասին հայատնում են Ազգային ժողովից։

Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը եւ մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ: Հնարավորություն կա նաեւ վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը եւ դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության, ու որոշումը թողնելու անփոփոխ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 20-ի նիստում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը գրավոր առաջարկներ է ներկայացրել:

«Օրենսդրական կարգավորման նպատակը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի կողմից կայացվող որոշումների համար բողոքարկման մեխանիզմ սահմանելն է, որը նաեւ ԳՐԵԿՈ-ի պահանջ է»,- հարակից զեկույցում նշել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ կա Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա հավելել է, որ բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի միջեւ միասնական ընկալում չկար: Անդրադառնալով ընթացակարգերի առանձնահատկություններին՝ նա նշել է, եթե այդ ակտերը բողոքարկման ենթակա չեն, ապա դատական պաշտպանության հետ կապված խնդիրներ կլինեն: Եթե այդ ակտերը բողոքարկվում են ավելի ստորադաս դատարանում, ապա որոշակի առումով խոչընդոտվում է ԲԴԽ-ի հետագա դերակատարությունը: Երրորդ տարբերակը, ըստ Վլադիմիր Վարդանյանի, առաջարկվողն է, որը թեպետ վերջնական լուծում չէ, բայց թույլ է տալիս կատարելու ստանձնած հանձնառությունը: «Այն մոտեցումը,  որ ԲԴԽ ակտը կարող է վիճարկվել Առաջին ատյանի դատարանում, շատ ավելի վտանգավոր է»,- նշել է պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը փորձել է պարզել՝ արդեն կիրառված պատասխանատվության միջոցը քննարկման առարկա եղե՞լ է, թե՝ ոչ: Նախարարն ի պատասխան տեղեկացրել է, որ ԲԴԽ-ի կայացրած հին որոշումները հնարավոր չէ վերանայել այս մեխանիզմով: «Ստորին պալատում 4 դատավոր վերանայում են ակտը, այնուհետեւ վեց դատավոր, որոնք չեն ներգրավվել ստորին պալատի կայացրած որոշմանը, վերանայում են, այսինքն՝ նույն մարդը չի կարող իր կայացրած ակտը վերանայել»,- պարզաբանել է Գրիգոր Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ նույնիսկ այս լուծումը չի հաղթահարում սահմանադրական այն կարգավորումը, որով ԲԴԽ-ն ճանաչվում է այդպիսին իր ամբողջական կազմով, այլ ոչ թե պատվիրակված լիազորությամբ:  Նրա համոզմամբ անհավասար պայման է ստեղծվելու արդեն պատասխանատվության ենթարկված դատավորների նկատմամբ:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել