Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված ցուցարարներին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել․ «Ստեղ մարդ կա՞, որ այդ փաստաթուղթը տեսել է, կարդացել է»։
Նա նշեց, որ այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, բայց դրա մասին չի կարող հրապարակային ասել․ «Բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք այդ փաստաթղթի դրական կողմերին էլ ենք ծանոթ, բացասական կողմերին էլ։ Ոչ մի փաստաթղթով չեն կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով, Հ1-ի տաղավարում»։
Շահրամանյանը նշեց, որ անդրադառնալու է նաև սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին որոշմանը։
«Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ կարող ենք հաղթել էդ ռազմական գործողություններում, մինչև վերջ չէինք կանգնի (հանձնվի-խմբ․)։ Մենք խնայել ենք տղերքին, քաղաքացիական բնակչության կյանքը։ Եթե պատերազմը չկանգներ, մի ժամ հետ կմտնեին քաղաք, կսկսեին խոխա (երեխա-խմբ․) փրթել»,-ասաց նա։
Ցուցարարները բորբոքված էին, փորձում էին այլ հարցեր էլ տալ։ Արցախի նախագահը նշեց, որ այսպես հարցերին պատասխանել չի ստացվելու։ Ավելի լավ է մի դահլիճում հանդիպեն, խոսեն։ Այնուհետև նա շրջվեց ու մտավ ներկայացուցչության շենք։ Մարդիկ նրա հետևից էին ուզում մտնել, ոստիկանները փորձում են կանխել դա։