Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի․ Նիկոլ Փաշինյան

«Անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին, պիտի ընդգծեմ, որ ԵՄ-ն վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում ընդգծել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը մեր բարեփոխումների օրակարգի հենասյուներից մեկն է և գտնվում է ակտիվ իրագործման փուլում»,-այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

Նա նշեց, որ այս տարվա փետրվարից Հայաստանում գործում է Եվրամիության երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է անվտանգային իրավիճակն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով:

«Սա կարեւորագույն իրադարձություն է, որով Եվրամիությունը առաջին անգամ ներգրավել է Հայաստանի անվտանգային օրակարգում, ինչի հիմքը դրվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում:

Ի թիվս ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների՝ ԵՄ-ի աջակցությամբ մենք իրականացնում ենք ոստիկանության բարեփոխումները եւ այս ամիս, ընդամենը երկու շաբաթից ավարտին կհասցնենք բոլորովին նոր՝ պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանում: Մենք ակնկալում ենք համագործակցության շարունակականություն ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար ծառայության, անկախ դատական համակարգի, կրթության եւ հանրային կառավարման բարեփոխումների ուղղություններով:

Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների օրակարգն իրականում շատ ծավալուն է. չափազանց էական է ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարեւոր նպատակներից են` կայուն և համաչափ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը: Վերջինը հատկապես կարևոր է թե՛ երկրի շարունակական զարգացման, թե՛ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համատեքստում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն` տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն` Սյունիքի դիմակայունության բարձրացման և շուրջ 62 մլն եվրոն` Երևանի կանաչ զարգացման ուղղություններով:

Ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ սա ամենը չէ: Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար չափազանց կարեւոր երկու փաստաթուղթ ընդունվեց: Դրանցից մեկը նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի եւ իմ քառակողմ հայտարարությունն է, մյուսը` նախագահ ֆոն դեր Լայենի եւ իմ երկկողմ հայտարարությունը:

Երկու հայտարարություններում աջակցություն է հայտնվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Մենք հանձնառություն ենք ստանձնել առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ:

Այս ամենի վրա հիմնվելով, հարգելի ներկաներ, կարող եմ հստակ եւ համոզված հայտարարել: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»:

Եկեք շարունակենք կանգնած լինել ուս-ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը: Շնորհակալ եմ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել