Հրամանագիրը մի կողմից թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի հրամանագիր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, պետական հիմնարկների և կազմակերպությունների լուծարման, և Հանրապետության գոյության դադարեցման վերաբերյալ շատ քննարկվեց: Այն, որ այդ հրամանագիրը աբսուրդի ժանրից էր և, առհասարակ, նման հրամանագիրը չէր էլ կարող օրինական լինել, նույնիսկ քննարկման առարկա չէ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նման որոշում կայացնողը ևս գիտեր, որ դա, մեղմ ասած, ոչ մի ուժ չունեցող հրամանագիր է և մինչև դրա կազմումն ու մշակումը քննարկվել էր դա չեղարկելու ճանապարհները:

Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում, այն միայն քարոզչական նպատակների ու հոգեբանական գերակայության համար է:

Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, առհասարակ, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց:

Ադրբեջանը սպառնում էր զորքերը մտցնել Ստեփանակերտ և մայրաքաղաքից մեկուսացված Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ, որտեղ դեռ 100 հզ-ից ավելի մարդ կար:

Մեզ` Արցախում չգտնվածներիս համար, դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ադրբեջանական զորքերը մինչև խաղաղ բնակիչների բռնի տեղահանումը մուտք գործեին Ստեփանակերտ և մյուս բնակավայրեր:

Այս տեսանկյունից արցախցին ինքը միայն օբյեկտիվ գնահատական կարող է տալ ստեղծված իրավիճակին, ադրբեջանական պարտադրված շանտաժին և որպես դրա հետևանք` նախագահի հրամանագրին:

Բարոյական տեսանկյունից, այս պահին բարդ է արցախցու փոխարեն այս կամ այն պնդումն անել, որովհետև իրավիճակի ողբերգությունն ու դրա դրսևորումներն ակնհայտ էին:

Ինչևէ, հայտնի հրամանագիրը մի կողմից թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման քաղաքական, ռազմական և մնացած գործոնները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել