Դատարանի կարգադրած 2 միջանկյալ միջոցները չխանգարեցին Ադրբեջանին խորացնելու կոնվենցիայի իր խախտումները․ Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում հայտարարեց․

«Ակնկալում եմ, որ իմ գործընկեր ներկայացուցիչը կասի, թե Ադրբեջանը թույլ է տալու նրանց, ում համարում է իր քաղաքացի, վերադառնալ: Նա նույն բանը խոստացել էր 2021թ․ հոկտեմբերին, երբ պնդեց, թե 2020-ին Ադրբեջանին իբրև փոխանցված տարածքներում Ադրբեջանը պարտավորվել է ապահովել տեղահանված անձանց վերադարձը՝ անկախ նրանց ազգային և էթնիկ ծագումից կամ ինքնությունից: Անցել է 2 տարի, և Ադրբեջանը անգամ 1 հայազգի անձի թույլ չի տվել վերադառնալ այդ տարածքներ, փոխարենը ԼՂ-ում մնացող գրեթե բոլոր հայազգի անձանց ստիպել են փախչել իրենց տներից:

Ակնկալում եմ նաև, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, որ Ադրբեջանը վերադարձող բոլոր հայազգիների նկատմամբ կվերաբերվի կոնվենցիայով նախատեսված Ադրբեջանի պարտավորություններին համապատասխան: Ադրբեջանը խոստացավ հայազգիներին վերաբերվել կոնվենցիային համապատասխան 2021թ․ հոկտեմբերին ևս: Դատարանի կարգադրած 2 միջանկյալ միջոցները չխանգարեցին Ադրբեջանին խորացնելու կոնվենցիայի իր խախտումները»։

Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր նա քայլեր է ձեռնարկել զտման ենթարկելու ԼՂ-ն էթնիկ հայերից, և դա արել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում կոնվենցիայի համաձայն Հայաստանին ներկայացված դիմումի քննարկմանը զուգընթաց:

«Քաղաքական նկատառումներով, թերևս, միջազգային հանրությունը չի կանգնեցրել այդ գործընթացը: Բայց այդ էթնիկ զտման իրականությունն այսօր բացարձակապես պարզ է բոլորին: Այսօր դուք դեռևս կարող եք էապես փոխել տեղում իրավիճակը: Ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանությունը անշրջելի դառնալը, պահպանելու այն սակավաթիվ անձանց, որոնք դեռ մնում են ԼՂ-ում, ինչպես նաև նրանց, ովքեր առևանգվել են և ներկայումս ապօրինաբար ազատազրկված են պահվում Ադրբեջանի բանտերում»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, նաև պատրաստ է թյուր ներկայացնել դատարանի կարգադրությունները կամ դրանցով փորձել հիմնավորել իր կողմից կոնվենցիայի խախտումները:

«Տվյալ հանգամանքներում ԼՂ հայազգիների իրավունքները պաշտպանող աներկբա միջազգային միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել այն էթնիկ զտումը, որն Ադրբեջանն իրականացնում է, կանխել դրա շարունակումը և անշրջելի դառնալը, երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը ԼՂ-ում և դրա ջնջումը կանխել. մի բան, որ արդեն արվել է Նախիջևանում և այսօր արվում է Ադրբեջանի այլ մասերում, ինչպես նաև պաշտպանել ԼՂ ռազմաքաղաքական առաջնորդներին շինծու քրեական մեղադրանքից»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Մանրամասները՝ Առաջին ալիքի եթերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել