Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը դեմ չէր դատական նիստը տեսանկարահանելու վերաբերյալ Iravaban․net-ի լրագրողի միջնորդությանը։
Հրայր Թովմասյանի ներկայացուցիչներ Արամ Օրբելյանը և Արթուր Հովհաննիսյանը առարկեցին։
«Առարկում ենք տեսահեռարձակմանն էլ, տեսաձայնագրմանն էլ»,-ասաց Հովհաննիսյանը։
Դատավորի այն հարցին՝ արդյո՞ք որևէ պատճառ կա, նա ասաց՝ «կաշկանդվում է «կամեռայից»»։
Արամ Օրբելյանը՝ ընդհատելով գործընկերոջն, ասաց․ «Չէ, չէ, հարգելի դատարան, պարզաբանելու պարտավորություն չկա։ Կաշկանդվելու-չկաշկանդվելու խնդիր չկա, պարզապես նպատակահարմար չենք գտնում, որպեսզի տեսանկարահանվի»։
Երբ դատախազը պատրաստվում էր ներկայացնել հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, Հրայր Թովմասյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը կրկին դիմեց դատարանին՝ խնդրելով 1 րոպե ընդմիջում։ Նա ասաց, որ իր վստահորդի հետ տեխնիկական հարց ունի քննարկելու։
Ընդմիջումից հետո փաստաբանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։
«Մենք միջնորդում ենք դատարանին գործը քննել դռնփակ ռեժիմով։ Դռնփակ ռեժիմում կներկայացնեմ, թե ինչու ենք գտնում, որ նիստը պետք է անցկացնել դռնփակ»,-ասաց նա։
Iravaban.net-ը դատավորի աշխատակազմից ավելի ուշ տեղեկացավ, որ միջնորդության քննությունը ավարտվել է, որոշումը կհրապարակվի առանձին դատական ակտի տեսքով։