Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի, գտնված (ընկեցիկ) երեխաներինը` գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի, իսկ կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` նաև մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը:
Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ պետք է ներկայացվի երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը հաստատող, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր:
Ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին, որում պետք է նշել հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը և ազգանունը.
բ) ծննդյան վայրը, ժամանակը և սեռը.
գ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա:
Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ, հայրանունը` հոր անվամբ:
Երեխայի ազգանունը գրառվում է նրա ծնողների ազգանվամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ՝ ծնողների համաձայնությամբ:
Երեխայի հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունները լրացվում են մոր ցուցումով: