Արցախից տեղահանված ևս մեկ ընտանիքում երեխա է ծնվել

24-ամյա Մերի Աղաբեկյանը հղիության վերջին օրերին գրեթե 30 ժամ հոգեբանական և ֆիզիկական դժվարություններով իր մեծ ընտանիքի հետ միասին թողեց հարազատ հայրենիքը և տեղափոխվեց Հայաստան:

Շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելով և ողջ հղիությունն անցկացնելով այդ նույն փուլում` թերսնուցման պատճառով Մերին ուներ մի շարք խնդիրներ:

Ծանր սակավարյունությամբ (անեմիա) Մերի Աղաբեկյանն ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ, և մանկաբարձ-գինեկոլոգ Արաքսյա Հակոբյանի հոգածությամբ` կինը փորձել է ծննդաբերել, սակայն առկա անեմիան արդեն վնասել էր նաև պտղին: Ծննդաբերության ժամանակ պտղի մոտ առկա քրոնիկ թթվածնաքաղցի սրացման պատճառով որոշում է կայացվել անցնել կեսարյան հատման:

Արդյունքում ծնվեց 2.500 գրամ քաշով և 48սմ. հասակով Դանիել Մուրադյանը:

Սակայն առկա ծանր անեմիան հաղթահարելու համար կնոջը երկու փաթեթ էրիթրոցիտրալ զանգված է փոխներարկվել, որի արդյունքում արյան տոկոսն աստիճանաբար բարձրացավ:

11 օր «Շենգավիթ» ԲԿ-ում անցկացնելուց և լիովին կազդուրվելուց հետո Մերին և որդին գնացին իրենց նոր տուն` նոր էջից սկսելու, հայրենիքի կարոտով, բայց արցախցուն հատուկ ուժով նոր կյանք սկսելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել